Ֆիզիկական և քիմիական երևույթներ 11-15/09

Ֆիզիկական և քիմիական երևույթներ

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել  նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում  նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:

 

Ֆիզիկական երևույթների  օրինակներ են՝

Ծծմբի, շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ  կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի  կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի  կտրելը, ջրի  եռալը, մոմի  և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը փոխարկվում են  մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:

Նոր նյութերի առաջացմամբ երևույթները` քիմիական երևույթները, նաև անվանում են քիմիական ռեակցիաներ կամ փոխարկումներ:

Քիմիական երևույթներին`ռեակցիաներին մասնակցող սկզբնական նյութերը կորցնում են իրենց բնորոշ հատկությունները, իսկ ռեակցիայի հետևանքով առաջացած նոր նյութերն օժտված են իրենց բնորոշ հատկություններով:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:

Քիմիական  երևույթների  օրինակներ.

Հարցեր՝

Թվարկել կենցաղում հանդիպող քիմիական և ֆիզիկական երևույթները:

1. Որո՞նք են ֆիզիկական երևույթները: Ներկայացրե՛ք օրինակներ:

2. Որո՞նք են քիմիական երևույթները: Ներկայացրե՛ք օրինակներ:

3. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական, որո՞նք՝ քիմիական.

ա) բենզինի այրվելը, բ) եղյամի առաջացումը,  գ) կաթի թթվելը, դ) ջրի եռալը, ե) հայելու  կոտրվելը:

4. Ո՞րն է ֆիզիկական երևույթ.

ա) փայտի այրումը, բ) բենզինի թորումը բնական նավթից, գ) պողպատի ժանգոտելը խոնավ օդում:

5. Ո՞րն է քիմիական երևույթ.

ա) շոգիացման հետևանքով աղի բյուրեղների անջատվելը լուծույթից,

բ) բենզինի թորումը բնական նավթից,

գ) պողպատի ժանգոտելը խոնավ օդում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով