Այրում

Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում: Այրումն օքսիդացման ռեակցիա է:

Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը: 

24ypjz7.gif

Սովորաբար, որպեսզի այրում տեղի ունենա, հարկավոր է նյութը տաքացնել մինչև նրա բռնկվելը:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում տեղի է ունենում նյութի բռնկումը, կոչվում է բռնկման ջերմաստիճան: Տարբեր նյութեր բռնկվում են տարբեր ջերմաստիճաններում:

Կան նաև նյութեր, որոնք բոցավառվում են առանց տաքացնելու՝ ինքնաբերաբար: Նման նյութերի՝ բենզինի, կերոսինի, եթերի, ացետոնի գոլորշիների, բնական գազի հետ պետք է շատ զգույշ վարվել:

 

Վառելանյութ։ Վառելանյութի տեսակները: Դրանց լրիվ և թերի այրումը

Հեշտ բռնկվող նյութերը, որոնք այրվելիս անջատում են մեծ քանակությամբ ջերմություն, կոչվում են վառելանյութեր: Վառելանյութ լինելու համար նյութը ոչ միայն պետք է լավ այրվի՝ անջատելով մեծ քանակությամբ ջերմություն, այլև՝ լինի էժան և շատ: Վառելանյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Պինդ վառելանյութեր են՝ քարածուխը, տորֆը, փայտը և այլն:

images (7).jpg

Հեղուկ վառելանյութեր են՝ բենզինը, կերոսինը, մազութը, սպիրտը և այլն:

images (8).jpg

 Գազային վառելանյութեր են՝ բնական գազ, ջրածինը:

s_04.gif

Վառելանյութի արդյունավետությունը գնահատվում է այրման տեսակարար ջերմությամբ:

Այրման տեսակարար ջերմություն կոչվում է 1 կգ վառելանյութի լրիվ այրումից անջատվող ջերմության քանակը: Տարբեր վառելանյութերի այրման տեսակարար ջերմությունը կարելի է որոշել աղյուսակից:  Պինդ վառելանյութերի այրման հետևանքով մեծ քանակությամբ մոխիր և այլ թափոններ են ստացվում: Այդ առումով առավել արդյունավետ է հատկապես գազային վառելանյութի օգտագործումը, որն այրվում է գրեթե լրիվ: Վառելանյութերի այրման ընթացքում անջատվում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, ինչպես նաև ծծմբի և ազոտի օքսիդները, որոնք աղտոտում են մթնոլորտը:

images (17).jpg

 Ուշադրություն

Վառելանյութերից օգտվելիս պետք է պահպանել անվտանգության կանոնները:

1. Բոլոր տեսակի վառելանյութերը պետք է պահել կրակից և ջերմության աղբյուրներից հեռու:

2. Վառելանյութն այրելիս պետք է կարգավորել վառարան մտնող օդի քանակը: Եթե օդի ծավալն անհրաժեշտից պակաս լինի, ապա տեղի կունենա վառելանյութի թերի այրում և ածխաթթու գազի հետ մեկտեղ կառաջանա խիստ թունավոր «շմոլ գազ» (CO):
3. Եթե սենյակում կա վառարան, ապա ժամանակ առ ժամանակ սենյակը պետք է օդափոխել: Դրանով դուք սենյակից կհեռացնեք CO2 և CO գազերը և նոր օդ կներմուծեք՝ լրիվ այրում ապահովելու համար:
4. Եթե բնակարանում գազի հոտ զգացվի, պետք է անմիջապես փակել գազի փականը, բացել բոլոր պատուհանները: Ոչ մի դեպքում չմիացնել էլեկտրականություն, քանի որ կայծից պայթյուն և հրդեհ կառաջանա:
5. Բոլոր հիմնարկներում, ձեռնարկություններում, քիմիական լաբորատորիաներում, պարտադիր է կրակմարիչներ ունենալ:   

111.png

 Ուշադրություն

Եթե այնուամենայնիվ առաջացել է հրդեհ, ապա.

1.  Խուճապի չմատնվե՛ս:

2.  Անմիջապես զանգահարի՛ր հրշեջ կայանի համարով 1−01:

3.  Փորձի՛ր մարել կրակը կրակմարիչով կամ այլ միջոցներով:

4.  Իմացի՛ր, որոշ դեպքերում, օրինակ, եթե վառվում են փայտը, թուղթը, ապա կրակը հանգցնում են ջրով, որը և՛ իջեցնում է ջերմաստիճանը, և՛ կրակը մեկուսացնում է օդից:

5.  Իմացի՛ր նաև, շիկացած մետաղի  վրա չի՛ կարելի ջուր լցնել: Այդ դեպքում ջրից անջատվում է ջրածին, որի այրումից  մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում: Հրդեհը չի դադարի, այն ավելի շատ կտարածվի:

6. Մի՛ փորձիր հանգցնել վառվող բենզինը, նավթը, կերոսինը ջրով։ Դրանք ջրից թեթև են և, մնալով նրա մակերևույթին, կշարունակեն այրվել:

7. Մի՛ լցրու ջուր բաց էլեկտրալարերի վրա:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ  է այրումը: Ինչո՞վ է ուղեկցվում  այն:
2. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք:
3. Ինչպե՞ս կվարվեք, եթե բնակարանում գազի հոտ զգաք: